«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ԱԶԲ Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենտալը այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհի շինհրապարակ


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ԱԶԲ  Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենտալը այցելել են  Հյուսիս-հարավ ճանապարհի շինհրապարակ 04.10.2016

ՀՀ Տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության նախարար Վահան Մարտիրոսյանը, փոխնախարար Արթուր Առաքելյանը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Շեյն Ռոզենտալը հոկտեմբերի 4-ին եղել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի շինարարության վայրում և հետևել են ընթացող աշխատանքներին:

Հյուսիս-հարավ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը, շինարարության վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը և կապալառու Իզոլյուքս Կորսան  ընկերության Հայաստանի գրասենյակի ղեկավարը ներկայացրին իրականացվող աշխատանքները, բետոնի փռման ընթացքն ու տեխնիկական մանրամասները, ժամանակացույցն ու բետոնի որակի վերաբերյալ տեղեկատվություն:

Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին 42կմ) շրջանակներում այժմ զուգահեռաբար ընթանում են բետոնի փռման, հողային, ճանապարհի՝ երկշարքից քառաշարքի լայնացման և 15կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Բետոնփռիչի միջոցով բետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներն այստեղ մեկնարկել են սեպտեմբերի 30-ին՝ Երևան-Գյումրի մայրուղու 53-րդ կիլոմետրից:

Տեղում  ծանոթանալով և հետևելով իրականացվող աշխատանքների ընթացքին` նախարարը մեկ անգամ ևս  կարևորեց կառուցվող ճանապարհի որակը, ընդգծելով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող այս մայրուղին պետք է կառուցվի բարձր որակով՝ համապատասխանելով նմանապիպ ճանապարհների համար նախատեսված միջազգային բոլոր չափորոշիչներին։

Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ 2-ի շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին, որոնք կազմում են 180 միլիոն ԱՄՆ դոլար:

 

Նշենք, որ զուգահեռաբար շինարարական աշխատանքներ են իրականացվում նաև Տրանշ 3-ում, որի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների կապալառուն է չինական Սինոհիդրո ընկերությունը, իսկ վերահսկողը՝ իտալական Սպեան: Այս հատվածներում ևս իրականացվում են հողային պաստառի լայնացման, ժայռային գրունտի պայթեցման, ջրթող կառույցների և ուղեանցերի շինաշխատանքներ, զուգահեռաբար նաև՝ հողերի օտարման և տարաբնակեցման գործընթաց:

« Վերադառնալ ցանկ
© 2021. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10