«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին


26.04.2017

Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի մայիսի 25-ին

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 26-ին այցելեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան - Արտաշատ ճանապարհահատված, որտեղ ընթացքի մեջ է կամուրջների և ուղեանցերի շինարարությունը:

 

Ներկայում կամուրջներին հարող հատվածներում երթևեկությունը միակողմանի փակ է կամ կազմակերպված է շրջանցող ուղիներով:

Նախարարը կանգ  առավ յուրաքանչյուր կամրջի մոտ, ծանոթացավ կատարվող աշխատանքին, ճշգրտեց ժամկետները:

Այնթապ համայնքին հարող կամրջի շինարարներն ասացին, որ առաջիկայում պատրաստվում են բացել փակ երթևեկելի գոտին և աշխատանքները շարունակել` մյուս գոտին փակելով: Նրանք հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն արագությամբ. խոստացան մայիսի 25-ին երթևեկությունը բացել, իսկ սեպտեմբերին ավարտել ամբողջ շինարարությունը:

 

 

Կապալառուները ժամկետներ խոստացան, իսկ նախարար շեշտեց՝ հնարավորության դեպքում ժամկետից շուտ, բայց ոչ մի օր ուշ: «Երկկողմանի երթևեկությունը պետք է վերականգնել»,- շեշտեց նախարարը:

Բուրաստան համայնքին հարող կամրջի տակ երկկողմանի երթևեկն արդեն վերականգնված է, մյուս շինարարական աշխատանքները կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:

Աշխատանքի արագությունն ու որակն անշուշտ առաջնային են, բայց առավել կարևոր է երթևեկողների անվտանգությունը: Նախարարը հրահանգեց հետևել բավարար լուսավորության ու զգուշացնող նշանների առկայությանը:

 

 

Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ նաև կառավարության նիստում վարչապետի հնչեցրած նկատողությանը, որ շինհրապարակներում աշխատողներ չեն լինում: Շինարարները հավաստիացրին, որ ներկայում աշխատում են 07:00-ից մինչև 19:00:

Նախարարը նաև աշխատանքային պայմաններով հետաքրքրվեց և առաջարկեց ներկայացնել առկա խոչնդոտները: Շինարարները նշեցին, որ որևէ դժգոհություն չունեն և իրենք էլ շահագրգռված են օր առաջ ավարտելու շինարարությունը:

«Այսօրվա տեմպերից գոհ եմ, շինարարները խոստանում են, որ մինչև մայիսի վերջը 8 կամուրջներից 6-ի տակ երկկողմ երթևեկությունը կբացվի, ըստ տեմպերի ես էլ տեսնում եմ, որ կհասցնեն: Շինարարական բոլոր աշխատանքները պայմանագրով նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ, բայց շինարարների հետ համաձայնության ենք եկել, որ մինչև սեպտեմբերի վերջն ավարտեն»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

 

 

Նախարարը թեև աշխատանքների ընթացքից  գոհ է, բայց շարունակելու է հետևողական լինել: Նա զգուշացրեց բոլոր կապալառուներին` այցերը հաճախակի են լինելու, որակի վերահսկողությունը` մշտական:

 

https://www.youtube.com/watch?v=PdT8djKvAbc

« Վերադառնալ ցանկ
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10