«Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիր» Պետական Ոչ Առևտրային Կազմակերպություն

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ


Սոցիալական ազդեցության գնահատումը հանդիսանում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կարևոր բաղադրիչներից մեկը, որի հիմնական նպատակն է հասցեագրել Ծրագրի իրականացման շրջանակներում հնարավոր սոցիալական ազդեցությունները և ճանապարհի առանձին հատվածներում պահանջվող հողերի օտարման և տարաբնակեցման (ՀՕՏ) խնդիրները:
Հողերի օտարում և տարաբնակեցում պահանջող յուրաքանչյուր ենթածրագրի (Տրանշի) համար մշակվում և իրականացվում են Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրեր (ՀՕՏԾ)` համաձայն Հայաստանի գործող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականության, ինչպես նաև՝ Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակների:
ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Ծրագրի Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը (ՀՕՏՇ): Վերջինս հիմք է հանդիսանում յուրաքանչյուր ենթածրագրի ՀՕՏԾ-ների մշակման և իրականացման համար և մանրամասն անդրադառնում է Ծրագրի շրջանակներում հողի օտարման և տարաբնակեցման խնդիրների պլանավորման և իրականացման մեխանիզմներին, գործընթացներին և փոխհատուցման իրավունքներին:

ԱԶԲ «Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականությունը և Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը» հիմնված են հետևյալ հիմնական սկզբունքների վրա.

Ոչ կամավոր տարաբնակեցումից պետք է հնարավորինս խուսափել կամ առնվազն այն հասցնել նվազագույնի` փնտրելով նախագծային այլընտրանքներ:
Փոխհատուցման/վերականգնման չափը պետք է ապահովի ազդեցության ենթակա անձանց (ԱԵԱ)՝ ծրագրի իրականացումից առաջ ունեցած կենսամակարդակը։
ԱԵԱ-ին պետք է լիարժեք տեղեկություններ և խորհրդատվություն տրամադրվի ՀՕՏ-ի փոխհատուցման տարբերակների մասին:
Փոխհատուցումը պետք է իրականացվի կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով:
Իրավական կարգավիճակի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման և/կամ վերականգնման գործընթացի իրականացման համար:
Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան կանանց կողմից ղեկավարվող տնտեսությունները և խոցելի խմբերը: Նրանց պետք է համապատասխան աջակցություն ցուցաբերվի իրենց կարգավիճակը բարելավելու համար:
Փոխհատուցումը ու տարաբնակեցման հատկացումները պետք է ամբողջությամբ տրամադրվեն նախքան ճանապարհի օտարման գոտու հողի հարթեցման և քանդման իրավունքի տալը:

Տրանշ 1-ի (Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ) շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման խնդիրներ չկան:
Տրանշ 2-ի (Աշտարակ-Թալին) շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտություն է առաջացել, որի նպատակով մշակվել է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր:
Տրանշ 3-ի (Թալին-Գյումրի) շրջանակներում հողերի օտարման և տարաբնակեցման անհրաժեշտություն է առաջացել, որի նպատակով մշակվել է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր: 
© 2017. Բոլոր իրավունքները պատկանում են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ -ին:
Հասցե՝ ք. Երևան, 0010, Տիգրան Մեծի փող., 4 շենք, 3-րդ հարկ, հեռ.՝ /374 12/ 20 10 09, 20 10 10